Դաշնակցականները ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ են (ուղիղ)
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը եւ այլ ՀՅԴ–ականներ ներկայացել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հայտնելու, որ իրենք են ծեծել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին։
Facebook սոցիալական ցանցում դաշնակցականները տարածում են հետեւյալ գրառումը.
«Հայտնում եմ, որ երեկ հայտարարություն արած, բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի...»։
Նշենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել բռնության հետքերով:
Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:
Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:
Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: