Նոր ձևաչափով բեմադրություն՝ Համազգային թատրոնում
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում նոր ձեւաչափով կաշխատեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին համազգային թատրոնի նորընտիր տնօրեն Արման Նավասարդյանը եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը՝ նշելով, որ դա ժամանակակից պիեսների թատերայնացված ընթերցանությունն է սեղանի շուրջ։
«Ամբողջ պրոցեսը կատարվում է սեղանի շուրջ, դերասանները նստում եւ սկսում են ամեն մեկն իր դերը կարդալ, բայց այնպես, կարծես խաղում են: Ստացվում է ռադիոներկայացման նման մի բան` երաժշտությամբ եւ ընթերցանությամբ` առանց գործողության։ Սեղանի շուրջ կարդալով՝ այդ զգացմունքները փոխանցվում է հանդիսատեսին, դրան գումարած երեւակայությունն է միանում, թե որտեղ է այդ ամենը տեղի ունենում»,– ասաց Գրիգորյանը։
Թատրոնի տնօրենի խոսքով` հինգ ամսում իրենք երեք նոր ներկայացում են բեմադրել։
«Առաջիկայում ունենք Թումանյանի 150-ամյակին եւ Սոս Սարգսյանի 90-ամյակին նվիրված «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության բեմադրությունը, որի բեմադրող ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է»,–ասաց Նավասարդյանը։