2019-ին Հայաստանում տնտեսական աճը կարող է 4.6-6.1 տոկոս կազմել. ԿԲ
Նախնական կանխատեսումների համաձայն՝ 2019-ին Հայաստանում տնտեսական աճը կլինի 4.6-6.1 տոկոսի սահմաններում եւ հիմնականում, մասնավոր սպառման հաշվին:
Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ տվյալ զեկույցը հաստատվել է մարտի 12-ին, իսկ հիմնական դրույթները հիմնվել են փետրվարյան հետազոտությունների եւ ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակի վրա:
«Մասնավոր սպառման բարձր աճին առաջին հերթին կնպաստի տնային տնտեսությունների համար վարկերի արագացված աճը բիզնեսի համար վարկերի աճի համեմատ», - պարզաբանեց Ջավադյանը:
Նա նաեւ հայտնեց, որ նրդրումների չափավոր աճ է սպասվում, պայմանավորված նրանով, որ 2018-ին տվյալ ոլորտում բավականին բարձր աճ է արձանագրվել:
ԿԲ նախագահը հայտնեց, որ արտահանման եւ ֆիսկալ քաղաքականության ազդեցությունը պահանջարկի վրա մեկ տարվա ընթացքում կզսպի տնտեսական աճը ներմուծման աճի տեմպերի եւ պետական բյուջեի դեֆիցիտի միաժամանակյա կրճատման պատճառով: