Ասանժին մեղադրանք չի առաջադրվի ԿՀՎ-ի գաղտնի տվյալների արտահոսքի համար. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը որոշել է մեղադրանք չառաջադրել WikiLeaks-ի հիմնադրին ԿՀՎ-ի որոշ գաղտնի նյութերի հրապարակման մեջ նրա դերակատարման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Politico թերթին:
2017 թվականի մարտի 7-ին WikiLeaks-ը սկսել էր հրապարակել Vault 7 ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի շարքը: Հաղորդվում էր, որ այդ հրապարակումը կինի հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը: Դրանում ներառված են ավելի քան 8.7 հազար փաստաթղթեր:
Politico-ի տվյալներով՝ դատախազներին չի հաջողվի նոր մեղադրանք առաջադրել Ասանժին մի քանի պատճառով, այդ թվում՝ դրանք առաջադրելու համար կառավարության անբավարար ժամանակը. արտահանձնման մասին օրենքի համաձայն՝ մեղադրանքն անհրաժեշտ է ներկայացնել առաջին դատավճռից 60 օրերի ընթացքում, խոչընդոտ է նաեւ ԿՀՎ-ի հրապարակած նյութերի բարձր գաղտնիությունը: Նշվում է, որ դատարանում նման գործերի դիտարկումը վտանգ է պարունակում ԿՀՎ-ի գաղտնի նյութերի ավելի մեծ տարածման առումով:
Մայիսի վերջում ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել էին, որ առաջադրել են Ասանժին նոր մեղադրանք լրտեսության եւ գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու հատկանիշներով: Ավելի վաղ նրան մեղադրել էին դավադրության մեջ համակարգչային տեղեկատվությունն անօրինաբար ստանալու նպատակով: ԱՄՆ արտահանձնելու դեպքում Ասանժին սպառնում է երկարամյա ազատազրկում:
Ասանժը, որին 2010 թվականին Շվեդիայում մեղադրել էին սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով սկանդինավյան երկիր արտաքսումից: 2019 թվականի ապրիլի 11-ին նա ձերբակալվել է Շվեդիայի եւ ԱՄՆ-ի հարցումների հիման վրա: Լոնդոնի դատարանը մեղավոր էր ճանաչել նրան գրավով ազատ արձակվելու պայմանները խախտելու մեջ եւ դատապարտել 11 ամսվա ազատազրկման: Արտահանձնման հարցով լսումները մեկնարկել են մայիսի 2-ին:
Այժմ դատարանը սպասում է ԱՄՆ-ից փաստաթղթերի ամբողջական փաթեթը, որը թույլ կտա որոշում կայացնել Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու մասին: