Մարտունիում պատմական օր էր. Տիգրան Աբրահամյան
Արցախի Մարտունի քաղաքում այսօր՝ հունիսի 2-ին, բացվել են հիմնանորոգված մանկապարտեզ, նոր մարզասրահ եւ նոր մարզադաշտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ:
«Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այսօր Մարտունիում պատմական օր էր։ Հիմնանորոգված շքեղ մանկապարտեզ, նոր ասֆալտապատ ճանապարհ, նոր մարզասրահ, նոր մարզադաշտ։ Դեռ չեմ ասում, որ CONIFA-ի գավաթի առաջնության խաղն էլ մեծ ուրախություն պատճառեց մարտունեցիներին։ Եվ այս ամենը 2 նախագահների ներկայությամբ՝ Արցախի և Հարավային Օսեթիայի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Արցախն այս օրերին հյուրընկալում է ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի գավաթի խաղարկությունը: CONIFA-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի շրջանակում Արցախի Հանրապետությունը հունիսի 1-9-ը կհյուրընկալի 12 թիմերի։