Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան ձերբակալվելուց մեկ օր անց ազատ է արձակվել
Երեկ՝ հունիսի 1-ին, արգելանքից ազատ է արձակվել նախօրեին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալված Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանը։
Նա նշեց, որ ձերբակալման հիմքը երեկ բողոքարկել է դատարանում, դատարանը բավարարել է բողոքը՝ ձերբակալումը համարելով ոչ իրավաչափ, եւ Մանուկ Առաքելյանը նույն օրը ազատ է արձակվել։
Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը աշխատանքից ազատվելու դիմում է գրել Գյումրու քաղաքապետին, քանի որ կոռուպցիոն բնույթի գործերով դատախազությունը սովորաբար համարում է, որ անձը ի պաշտոն կարող է նոր հանցագործություններ կատարել, եւ նպատակահարմար է, որ գտնվի կալանքի տակ։
Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանի՝ ձերբակալված մյուս աշխատակիցը՝ Սլավիկ Ղազարյանը, որը անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ է, փաստաբան Էդգար Թումասյանի տեղեկություններով, ազատ չի արձակվել։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Գլխավոր դատախազությունից NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու դրան օժանդակելու վերաբերյալ:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նույն օրը Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալվել է Մ. Ա.-ն, իսկ 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նա Ս. Ղ.-ն:
Գյումրու համայնքապետարանի կայքից NEWS.am–ը տեղեկանում է, որ Մանուկ Առաքելյանը ծնվել է 1985 թվականին, Գյումրու քաղաքապետարանում աշխատում է 2013 թվականից, սկզբում՝ առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնում որպես գլխավոր մասնագետ, իսկ 2019թ–ի մարտ ամսից նշանակվել էր Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ։