ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն Արայիկ Հարությունյանի ընկերոջ քեռին է. ինչո՞ւ մեկ տարի շարունակ բուհը ռեկտոր չունի
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում իշխանությունները ցանկանում են տեսնել իրենց թեկնածուին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ինչպես գիտեք ՇՊՀ ռեկտրի ընտրությունները երկրորդ անգամ տապալվեցին, եւ գործընթացը ցույց տվեց, որ այս ամենի շահագրգիռ կողմը ոչ միայն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է, ով ունի իր ներկայացուցիչները հոգաբարձուների խորհրդում, եւ հիմնականում այդ ներկայացուցիչները բուհից ընտրված դասախոսներ են, որոշ ուսանողներ, այլ նաեւ այս ամենում բավականին շահագրգռված է ԿԳ նախարարությունը: Ինչու եմ ես այս եզրակացությանը եկել, քանի որ օրինակ ԵՊՀ-ում իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Արամ Սիմոնյանը հրաժարական տա, բացարձակ դա չթաքցրեցին, չնայած, որ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նախարարությունը ոչ մի միջամտություն չի արել, բայց ես հակված եմ հավատալ Արամ Սիմոնյանին, որ հայտարարեց, որ փոխվելու էր հոգաբարձուների խորհրդի անդամները, եւ այս առումով իշխանությունները նախկինների նման են աշխատում, եթե իրենց պետք է համապատասխան անձից ազատվելու համար: Հիմա երբ հերթը հասնում է ՇՊՀ-ին, մեր իշխանությունները հանձինս Արայիկ Հարությունյանի դառնում են շատ ժողովրդավար, եւ դրա արդյունքը այն է, որ ՇՊՀ-ն մեկ տարուց ավելի է ռեկտոր չունի: Գործող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, Արայիկ Հարությունյանի ընկերոջ քեռին է, ես երկար ժամանակ սրա մասին չէի ասում, բայց հիմա պարզ եւ բացահայտ կասեմ: Եւ ժամանակավոր պաշտոնակատար ընտրվել է որոշակի խախտումներով, եւ այժմ էլ նկատում եմ, որ նախարարությունը գնում է բուհի կազմալուծմանը` ապագայում, ըստ խոսակցությունների, Գյումրիում ինչ-որ մուտանտ բուհ կստեղծեն մեր համալսարանի եւ մի քանի համալսարանների մասնաճյուղերի հիմքի վրա եւ ռեկտոր կնշանակեն իշխանություններին մոտիկ մարդու»,-ասաց նա:
Գագիկ Համբարյանը նշեց, որ չնայած ռեկտորի պաշտոնում իրենց թեկնածությունն էին դրել պաշտոնին համապատասխան մարդիկ, սակայն ընտրությունները տապալվեցին. «Ես չեմ զարմանա`եթե նույնիսկ Էնշտեյն էլ գա, կամ Վիկտոր Համբարձումյանը իր ոտքով գար եւ ասեր՝ համաձայն եմ փրկել բուհը կործանումից, եւ մեր հոգաբարձուների խորհուրդը նույնիսկ էս տիպի մարդկանց չընտրի ռեկտոր, քանի որ իրեց թեկնածուին են ուզում տեսնեն այդ պաշտոնում»:
Նշենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է 2018 թվականի մայիսի 18-ից, երբ հրաժարական տվեց ռեկտոր Սահակ Մինասյանը։ Մինչ օրս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախկին պռոռեկտոր Երվանդ Սերոբյանը: