Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի մարմինների ղեկավարների նիստին
Եռօրյա աշխատանքային այցով Սոչիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 1-ին, մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին:
Նախարարների նիստի ընթացքում քննարկվել են ԵՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերը, 2018–2020թթ. ժամանակահատվածում ԵՏՄ-ի մասնակից-պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների եւ փուլերի իրականացման հարցերով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») կատարման ընթացքը, մինչեւ 2025թ. ժամանակահատվածի համար ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացների խորացման եւ հիմնական ուղղությունների իրականացման հերթական ժամանակահատվածի համար տրանսպորտի ոլորտում ինտեգրման խորացման ուղղությունների սահմանումը, ինչպես նաեւ այլ հարցեր։
Ներկայացվել է «ճանապարհային քարտեզների» իրականացման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը, ինչպես նաեւ օդային տրանսպորտի մասով «ճանապարհային քարտեզի» առանձին կետերի կատարման ավարտի գործընթացը:
Քննարկվել են նաեւ 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման, «Նավագնացության մասին» Համաձայնագրի եւ դրա հետագա իրականացման միջոցների, ինչպես նաեւ ՌԴ տրանսպորտի նախարարարության առաջարկով՝ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին նախորդել էր նշյալ միջոցառման նախապատրաստման նպատակով ԵՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը, որի ընթացքում համապատասխան մասնագետներն աշխատել են նախարարական նիստի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստման շուրջ, որոնք այնուհետեւ ններկայացվել են նախարարների քննարկմանն ու հաստատմանը։