Apple-ը որոշել է հրաժարվել iTunes-ից. ԶԼՄ-ներ
Apple ընկերությունը որոշել է լիովին հրաժարվել iTunes-ից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։
Ծրագիրը կփոխարինեն ինքնուրույն հավելվածներով երաժշտության, հեռուստատեսության համար՝ macOS 10.15-ով։
«Mac-ի համար երեք նոր հավելված կլինի՝ Music, TV եւ Podcasts, որոնք կփոխարինեն iTunes-ին։ Դա համապատասխանում է iPhone-ի եւ iPad-ի համար Apple-ի մեդիա-հավելվածների ռազմավարությանը։ Առանց iTunes-ի Apple-ի գաջեթները կարելի է կառավարել Music հավելվածի միջոցով»,- գրում է գործակալությունը։
Ենթադրվում է, որ ընկերության տնօրեն Թիմ Քուկը փոփոխությունների մասին կհայտարարի WWDC 2019 համաժողովում, որը կմեկնարկի հունիսի 3-ին։
iTunes փլեերը առաջին անգամ թողարկվել է 2001-ին։ Նրա օգնությամբ Mac համակարգիչների օգտատերերը լսում էին երաժշտություն եւ պոդկաստներ, նայում էին ֆիլմեր եւ ՏՎ շոուներ։ Բացի այդ, այն օգտագործվում էր տեղեկատվության սինքրոնացման համար։
Ավելի վաղ Apple-ը, քառամյա ընդմիջումից հետո, երեքշաբթի ներկայացրեց յոթերորդ սերնդի նոր շարժական մուլտիմեդիական ձայնարկիչ՝ iPod touch, որը պահպանել է հին մոդելների դիզայնը՝ զգալիորեն բարելավելով բնութագրերը։
Ընկերության կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունում նշվում է, որ iPod touch-ը օգտագործում է A10 Fusion չիփ, որն ապահովում է ավելի բարձր արտադրողականություն։ Նոր ձայնարկիչն օգտագործում է FaceTime տեխնոլոգիա։
Նորույթը չունի Touch ID եւ Face ID եւ պահպանել է նախկին մոդելի դիզայնը եւ «Տուն» մեխանիկական կոճակը։