Նոր հարթակ է ստեղծվել, որ քայլ առ քայլ ներկայացնում է Հայաստանում բիզնես սկսելու և վարելու 8 ընթացակարգ
«Բիզնես Արմենիայի» և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ, Ավստրիական զարգացման գործակալության ֆինասնավորմամբ գործարկվել է www.armenia.eregulations.org հարթակը:
300,000 եվրո արժողությամբ հարթակն ստեղծվել է «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագրի շրջանակում։
Ինչպես աշխարհի այլ 30 երկրներում, Հայաստանում նույնպես օտարերկրյա ներդրողներին քայլ առ քայլ ներկայացված է բիզնես սկսելու և գործարարությամբ զբաղվելու 8 ընթացակարգ՝ բիզնեսի ներդրում, կացության կարգավիճակի ձեռքբերում, մտավոր սեփականության գրանցում, անշարժ գույքի ձեռքբերում և վարձակալություն, ազատ տնտեսական գոտում ռեզիդենտ դառնալու հնարավորություն, շինարարության թույլտվություն, ծագման երկրի հավաստագրի ստացում, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցողների հետ բաժանորդագրության պայմանագրերի կնքում:
«Բիզնես Արմենիայի» Ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արման Խաչատրյանը նշել է, որ այս պահին հարթակում տեղեկատվությունը հասանելի է միայն անգլերենով, սակայն մոտ ապագայում կլինի նաև հայերեն և ռուսերեն բովանդակությունը, ընդ որում՝ նախատեսվում է ստեղծել 24/7 ռեժիմով առցանց հարցուպատասխանի հնարավորություն:
Մինչև տարեվերջ կդյուրացվեն ևս 10 ընթացակարգեր, որից հետո հարթակը կհանձնվի Հայաստանի կառավարության տնօրինությանը: