Չինաստանը մտադիր է կազմել «ոչ հուսալի» օտարերկրյա ընկերությունների սեւ ցուցակը
Չինաստանը մտադիր է կազմել «ոչ հուսալի» օտարերկրյա ընկերությունների եւ մասնավոր անձանց սեւ ցուցակը՝ ի պատասխան Huawei-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների, հաղորդում է AFP-ը:
Առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտնել է, որ ցուցակում կհայտնվեն «օտարերկրյա ընկերությունները կամ մասնավոր անձինք, որոնք չեն պահպանում շուկայական կանոնները, չեն կատարում պայմանագրի դրույթները, արգելափակում կամ դադարեցնում են մատակարարումը չինական ձեռնարկություններին եւ լուրջ վնաս են հասցնում չինական ձեռնարկությունների շահերին եւ օրինական իրավունքներին»: Նրա խոսքով՝ ցուցակը կհրապարակվի առաջիկայում:
Ըստ ամենայնի՝ Չինաստանի այդ քայլն ուղղված է օտարերկրյա ընկերությունների վրա ճնչում գործադրելուն, որպեսզի վերջիններս Huawei-ի հետ շարունակեն պահպանել առեւտրային հարաբերություններ: Ինչպես հաղորդվում է, Վաշինգտոնը եւս դիտարկում է չինական ընկերություններին սեւ ցուցակում ավելացնելու հարցը մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարման դեպքերի համար:
Google-ը, որի Android օպերացիոն համակարգը կենսական կարեւորություն ունի Huawei հեռախոսների համար, այն ընկերություններից մեկն է, որոնք հայտարարել են, որ կենթարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Միացյալ Նահանգները պնդում են, որ Huawei ընկերությունը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ, եւ նախազգուշացնում են, որ դրա արտադրած սարքավորումները կարող են ծառայել լրտեսության նպատակով չինական հատուկ ծառայությունների համար:
Huawei-ը աշխարհում սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից է եւ 5G ցանցերի մշակման առաջատարը. ընկերությունը կտրականապես հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները:
Լուրեր Հայաս