Գերմանիայի իշխանությունները հայտարարել են ԻՊ-ի ահաբեկիչների երեխաներին ընդունելու պատրաստակամության մասին
Գերմանիայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ սկզբունքորեն պատրաստ են Սիրիայից Գերմանիա տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների երեխաներին, որոնք կորցրել են ծնողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Suddeutsche Zeitung-ին:
Լրատվականի տվյալներով՝ Գերմանիայի ԱԳՆ-ը Բեռլինի վարչական դատարանում հայտարարել է, որ պատրաստ է ընդունել անձանց, որոնք ունեն հատուկ պաշտպանության կարիք եւ գտնվում են Սիրիայում փախստականների ճամբարում:
Մայրաքաղաքի դատարանում դիտարկում են առանց ծնողական խնամքի մնացած երկու անչափահասների հարցը, որոնք այժմ գտնվում են Սիրիա-Իրաք սահմանին՝ հատուկ կենտրոնում: Երեխաների մայրը զոհվել է: Պապիկն ու տատիկը դիմել են դատարան՝ պահանջելով տանել թոռներին Գերմանիա այն հիման վրա, որ նրանք Գերմանիայի քաղաքացիներ են, իսկ ճամբարում պայմանները սարսափելի են հումանիտար տեսանկյունից:
Մինչ այժմ ԱԳՆ-ը մշտապես պնդել է, որ Սիրիայում հյուպատոսական աջակցություն տրամադրելու հնարավորություն չկա: Այժմ նախարարությունն ընդգծել է, որ որոշումը կարող է կայացվել տեղում գործող ոչ պետական կազմակերպությունների աջակցությամբ: