Գերեզմանի անարգման գործի վարույթը երկրորդ անգամ է կասեցվել. տուժողը դժգոհ է իրավապահներից
Շիրակի մարզային քննչական վարչությունը երեկ՝ մայիսի 29–ին երկրորդ անգամ կասեցրել է թաղման վայրն անարգանքի ենթարկելու դեպքի կապակցությամբ դեռևս 2017թ. հուլիսին հարուցված քրեական գործի վարույթը։ Այս մասին հայտնեց Գյումրիի բնակիչ Լիլիթ Աղեկյանը։
Դեպքը տեղի է ունեցել 2017թ. հուլիսին Գյումրիում և վերաբերվում է Աղեկյանի հայրական գերեզմանատանը։
Կինը հուլիսի 2–ին այցելել է գերեզմանոց և գերեզմանի դիմացի պարիսպների վրայի սալաքարերը կոտրված հայտնաբերել։
Փորձաքննությամբ հիմնավորվել է, որ սալաքերերը տեղահանվել են մեխանիկական միջամտության արդյունքում։
Փաստի կապակցությամբ 2017թ. հուլիսի 12–ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեկան գործ ՀՀ ՔՕ 265–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը։
Աղեկյանը տեղեկացրեց, որ հարուցումից 49 օր անց քրեական գործի վարույթը կասեցվել է՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու հիմքով։
Տուժող Լիլիթ Աղեկյանը քրեական գործով վարույթը կասեցնելուց և Շիրակի մարզի դատախազության կողմից օրինականությունը ստուգելուց հետո, դիմումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ պահանջելով վերսկսել վարույթը և շարունակել նախաքննությունը:
2018 թվականի հուլիսի 4-ին որոշում է կայացվել քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:
Տուժողի պնդմամբ՝ այս ընթացքում քննչական մարմինը հարցաքննել է միայն այն մարդկանց, ում անուններն ինքն է տվել, իսկ քննչական մարմինն ըստ նրա՝ անգործություն է ցուցաբերել և որևէ նոր վարկած առաջ չի քաշել կամ նոր ապացույց ձեռք չի բերել դեպքի հանգամանքները պարզելու համար։
Կասեցման որոշումը վերացնելուց մեկ տարի անց քրեական գործի վարույթը դարձյալ կասեցվել է։
«Ուչաստկովիի մակարդակի գործ է, որը երկու տարի է չեն կարողանում բացահայտել»,– դժգոեց մեր զրուցակիցը։
ՀՀ գլխավոր դատախազությունից News.am–ի հարցման ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործի կասեցված վարույթի վերսկսումից հետո կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, լրացուցիչ օպերատիվ հանձնարարություններ է տրվել հետաքննության մարմնին` օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու` հանցանք կատարած անձին հայտնաբերելու նպատակով: Սակայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումները դրական արդյունքներ չեն տվել:
Դատախազությունից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են 24 անձինք, որոնք հանցանքը կատարած անձին պարզելու համար նշանակություն ունեցող տվյալներ չեն հայտնել:
Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչի կողմից կայացվել է քրեական գործով վարույթը կասեցնելու որոշում՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով։