ՊՆ–ում երեխաների համար միջոցառում էր կազմակերպվել (տեսանյութ)
Պաշտպանության նախարարության բակում այսօր՝ մայիսի 31–ին, տոնական տրամադրություն էր, երեխաների պաշտպանության օրվա առիթով, որին հրավիրված էին զինծառայողների, քաղաշխատողների, վետերանների եւ հերոսների երեխաներն ու թոռները։
Միջոցառմանը ներկա էր նաեւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը ողջունեց ներկաներին եւ շնորհավորեց երեխաներին. «Ուղերձը մեկն է, որ մեր ընտանիքները լինեն ամուր, իսկ երեխաները երջանիկ»։
Միջոցառման մեկնարկը տրվեց ՊՆ–ի բակում՝ խաչքարի օծման արարողակարգով։ Խաչքարի հեղինակ Վարազդատ Համբարձումյանի խոսքով խաչքարը խորհրդանշում է ընտանիքը, իսկ միտքը ծնվել է այս տարի հունվարին, երբ մի փոքր խաչքար է տեղադրել սահմանին։
«Ինձ այնտեղ հարցրեցին՝ ինչո՞ւ ես ընտանիքի թեմայով խաչքար բերել սահմանի վրա տեղադրելու, ասացի, որ զինվորը հիշի, որ ընտանիք ունի եւ սպասում են իրեն. մեր երկիրն էլ ընտանիք է եւ ամեն ինչ սկսում է ընտանիքից»,– ասաց խաչքարի հեղինակը։
Միջոցառման ծրագրում էին՝ կրկեսային համարներ, երգեր, պարեր, կավճանկարչություն եւ այլն։