Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին՝ երևանյան Եվրո-2019-ի մասին
Հայաստանում հուլիսի 14-27-ը անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությանը մասնակցեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին, որոնք կիսվեցին տպավորություններով, փոխանցում է News.am Sport-ի թղթակիցը:
«Շատ ուրախ եմ ներկայացնել իմ երկիրը՝ որպես դեսպան: Այդ հասակում ինքս անհամբերությամբ էի սպասում այսպիսի խաղերի, քանի որ դրանք փորձառություն են տալիս: Հայաստանի համար մեծ հնարավորություն է մասնակցել այսպիսի մրցաշարի: Մեր խաղացողները պետք է վայելեն դա»,- ասել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը:
«Հայաստանի թիմը ֆավորիտ է, քանի որ տանն է խաղում: Ակնկալիքները մեծ են: Այսպիսի մակարդակում բոլոր խաղերը բարդ են, բայց այս մրցաշարի նպատակը նոր Մխիթարյաններ, Մարկոսներ ու Ղազարյաններ բացահայտելն է»,- նշել է ղազախական «Ակտոբեի» խաղացող Մարկոս Պիզելին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը տեղ գտավ A խմբում, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականների հետ: B խմբում հանդես կգան Ֆրանսիայի, Չեխիայի, Նորվեգիայի և Իռլանդիայի թիմերը:
Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երևանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում և «Բանանց» մարզադաշտում: