Սեփականության վկայականները կփոխարինվեն նոր թվային վկայականներով. Սարհատ Պետրոսյան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ենթադրող փաթեթին:
Հարցը կառավարությունում ներկայացրեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, որ երեք կարեւոր փոփոխություն է նախատեսվում.
«Նա, օրենքի ընդունումից հետո կադաստրի պետական կոմիտեի բոլոր ծառայություններ կարելի է ստանալ առցանց առանց կադաստրի կոմիտե այցելելու:
Հաջորդ փոփոխությամբ սկսում ենք բացվող սեփականության վկայականների փոխարինումը նոր թվային սեփականության վկայականներով: Մինչեւ հիմա փոփոխությունների դեպքում կադաստրի աշխատակիցները գրիչով ձեռքով հին փաստաթղթերի վրա փոփոխություններ էին իրականացնում: Դա ուներ ռիսկեր, հիմա դա վերացնում ենք: Քաղաքացիներն այցելելով կադաստրի գրասենյակներ, կարող են ստանալ նոր նմուշի վկայականներ, որոնք միայն առցանց են լինելու»,-ասաց նա:
Ներկայացվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անվան համապատասխանեցում ներդրվող համակարգի բովանդակությանը, ինչպես նաև կնիքի պահանջի վերացմամբ էականորեն կպարզեցվեն դիմողների համար տեղեկատվության ձեռքբերման ընթացակարգերը, հնարավորություն կտրվի առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ներկայացնել իրավունքների պետական գրանցման, կամ տեղեկատվության ստացման դիմումև առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր, որոնք առանց կնիքի առկայության կունենան նույն իրավական ուժը:
Կկրճատվեն տեղեկատվության տրամադրման ժամկետները, կավելանա տրամադրվող տեղեկատվության քանակը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:
Նախագծում առաջարկվում է նաև հանել իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված վճարը, ինչպես նաև տրվում են մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ առաջացնող հարցերի լուծումներ: