Ընդունելի չեմ համարում. Մակունցը՝ մայիսի 28-ի միջոցառումներին Արցախի պաշտոնյաների չմասնակցելու մասին (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունելի չի համարում, որ Արցախից որեւէ պաշտոնյա չի մասնակցել Հայաստանում Մայիսի 28-ի տոնակատարություններին:
Հարցին, թե իր համար տարօրինակ չէ՞ր, որ Արցախի Հանրապետությունից որեւէ պաշտոնյա չմասնակցեց այդ տոնակատարություններին, արդյոք դա պայմանավորված չէ վերջին շրջանում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ որոշակի լարվածությամբ, Մակունցը պատասխանեց. «Որեւէ լարվածության հետ դա չեմ կապի: Ընդունելի չեմ համարում, կարծում եմ՝ պետական արարողակարգը պիտի պարզաբանում ներկայացնի այս առնչությամբ եւ տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել:
Ինքս կապ եմ հաստատել Պաշտպանության փոխնախարարի հետ, խոսել եմ խոսնակի հետ, բոլորից ստացել եմ հետեւյալ պարզաբանումը, որ բովանդակային առումով Պաշտպանության նախարարությունը չի կրել պատասխանատվություն: Պատասխանատվություն կրել է պետական արարողակարգը»:
Անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ Ապարանում մայիսի 28-ի տոնակատարություններին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողքին կանգնած էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչը դուր չէր եկել իր շատ կողմնակիցներին, Մակունցն ասաց, որ իրավիճակին չի տիրապետում. «Չչգիտեմ՝ ինչ հանգամանքներում, ինչ է տեղի ունեցել: Եվ ավելի հստակ ու որոշակի պարզաբանում ստանալու համար առաջարկում եմ դիմել փոխվարչապետի գրասենյակ ինչպես նաեւ մարզպետարան»,- ասաց Մակունցը:
Ինչ վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպում է ունեցել իր աջակիցների հետ, Մակունցը նշեց. «Տեղյակ եմ, որ հանդիպել է իր աջակիցների հետ, եւ, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ մեկնաբանեմ: Ես անձամբ մտահոգվելու առիթ չեմ տեսնում»: