Գերմանիայում կոռուպցիայի կասկածանքով ստուգումներ են անցկացրել Porsche-ի գրասենյակում
Երեքշաբթի գերմանացի իրավապահները ստուգել են Porsche մեքենաշինական ընկերության Շտուտգարդում եւ Վայսահում գտնվող գրասենյակները, ինչպես նաեւ երկու ֆինանսական կառույցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Շտուտգարդի դատախազությանը:
Կասկածվում է ավտոհսկայի հարկային խորհրդատուներից մեկը: Ենթադրվում է, որ նա ստացել է ներքին տեղեկատվություն ընկերությունների ֆինանսական հսկողությունն իրականացնող կառույցի աշխատակցից, որի համար եւս տեղեկատվության փոխանցումը շահավետ էր:
Բացի այդ, քննիչները գտնում են, որ Porsche-ի արտադրության խորհրդի նախկին անդամներից մեկը ստացել է գերշահույթ: Ենթադրվում է, որ այդ գործարքին մասնակցել են նաեւ ընկերության գործող բարձրաստիճան պաշտոնյանները: Հաստատելով վճարումների արժեքը, նրանք, հավանաբար, չարաշահել են պաշտոնական դիրքը, նշել են դատախազությունում:
Խուզարկության ժամանակ մասնակցել են 176 իրավապահներ: «Նպատակն էր հայտնաբերել եւ առգրավել անհրաժեշտ բովանդակությամբ փաստաթղթերն ու թվային կրիչները մեղադրանքների իրավազորությունը ստուգելու համար»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: