Իշխանությունը մեղմ է վարվում նախկին ռեժիմի բեկորների հետ
Ես զերծ կմնամ ասելուց՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականը ժամանակին էր, թե ուշացած, բայց դա պետք է լիներ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Նրա խոսքով, այսօրվա քաղաքական իրադարձությունների տրամաբանությունը թելադրում է, որ դատական իշխանությունը ենթարկվի արմատական փոփոխությունների, և այդ փոփոխությունները պետք է սկսվեին ԲԴԽ-ի բարձրագույն պաշտոնյաներից։
Հարցին, թե արնձերին փոխելով հնարավոր կլինի՞ համակարգը փոխել, Ղուկասյանը պատասխանեց. «Հիմա հենց անձերի խնդիրն է համարվում քննարկվող առարկա։ Այս լսումները և հարցերը, որոնք այստեղ քննարկվում են՝ լյուստրացիա, վեթինգ, դա անձերին վերաբերող հարցեր են։
Մենք ունենք 200-ից ավելի դատավորներ, որոնց նկատմամբ հանրությունը չունի վստահության պաշար քաղաքական էթիկայի խոսքերով, իսկ ժողովրդական լեզվով ավելի կոպիտ բառեր կարելի է ասել։ Սա խնդիր է, որը չի կարող մնալ անորոշ վիճակում»,-ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։
Նա հավելեց, որ պետք է լինի բոլորի համար պարզ, հասկանալի, գործընթաց, թե ով պետք է գնա և ինչու, և ովքեր պետք է փոխարինեն ու ինչ չափանիշների նրանք պետք է համապատասխանեն։