ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տեսակետները Հայաստանում եւ Ղազախստանում տարբերվում են. դեսպան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ գործընթացի տեսակետները Ղազախստանում և Հայաստանում տարբերվում են։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ղազախստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը։
Նրա խոսքով՝ դա, առաջին հերթին, կապված է այն բանի հետ, որ հարցն առնչվում է Հայաստանում անցած տարվա ներքաղաքական իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ Ղազախստանի համար այն ուրիշ՝ ընթացակարգային հարթությունում է։ «Մայիսի 22-ին, որքան հասկանում ենք, հայկական կողմը դիրքորոշում է հայտնել, որի համաձայն՝ ճգնաժամ չկա, և կարելի է առաջ շարժվել։ Մեր կարծիքով՝ մենք մինչև մայիսի 22-ն էլ էինք առաջ շարժվում, և դրանից հետո նույնպես առաջ ենք շարժվելու ու զարգացնելու մեր հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում։ Կսպասենք Հայաստանից հայտարարության»,- ավելացրել է դեսպանը։
Դիվանագետը նաև նշել է երկու երկրների համագործակցության կարևորությունը ԵՏՄ շրջանակում։ «2019 թվականի մայիսի 29-ին լրանում է ԵՏՄ պայմանագրի ստորագրման 5 տարին։ Նրա գործունեության արդյունքներն անցած ժամանակաշրջանում համոզիչ հաստատում են նախաձեռնության ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը, որն առաջադրել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 25 տարի առաջ Մոսկվայում»,- ամփոփել է Թիմուր Ուրազաեւը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների Արտաքին գործերի նախարարությունների խորհուրդը ներկայացրել էր Ստանիսլավ Զասի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Զասին նշանակելու որոշումը կընդունվի աշնանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, նշել են կազմակերպությունում։