Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով
Երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն., և այժմ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ջ․ Ա․-ն, ամենայն հավանականությամբ, Ջիվան Աբրահամյանն է՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից մեկը, որ Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։