Պետք է անել ամեն ինչ, որ հասարակության շրջանում փարատվեն բոլոր կասկածները, թե պաշտոնատար անձանց որտեղից իրենց ունեցվածքը. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին
ԱԱԾ-ն միշտ էլ զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս նախընտրական շրջանում էր հայտարարել, որ կան դավադիրներ, որոնք Արցախից հող հանձնելու միտում ունեն։
Ինչ վերաբերում է իշխանությունների՝ վեթինգի իրականացման գործընթացում ԱԱԾ-ի գործառույթին, Վանեցյանն ասաց․ «Վեթինգը պետք է ընդունվի համապատասխան մարմինների կողմից։ Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ դա օրենք, թե որոշում է լինելու, երբ հստակ լինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ԱԱԾ-ն այս գործընթացում կունենա գործառույթներ, միանշանակ կիրականացնի իր անելիքները»։
Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին՝ միայն դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, թե այլ համակարգերի՝ այդ թվում նաև ԱԱԾ-ի ներկայացուցիչները, նշեց, որ ինքն անհրաժեշտություն է տեսնում առհասարակ ուսումնասիրությունների, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի և այլնի մասին։
«Պետք է անել ամեն ինչ՝ դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձանց որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, թե ինչպես նշանակվեց, կապեր և այլն»,- շարունակեց Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝դատավորների հետ կապված հայտարարություններից հետո ԱԱԾ-ն որևէ գործողություններ իրականացնո՞ւմ է Արթուր Վանեցյանը պատասխանեց, թե ԱԱԾ-ում «դոսյե» չկա։
Ինչ վերաբերում է՝ Կառավարությունում ծանոթ-բարեկամով գործի անցնելու լուրերին, ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրենց կողմից նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքներից հետո այս հարցերի պատասխանները կտրվեն։ Նա նաև համակարծիք չէ, որ այս հարցերի լուծումներում կառավարության քայլերն ուշացած են։
«Կոռուպցիայի դեմ պայքար իրականացվել է ոչ բռնի թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից։ Եղել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, որի առաջնագծում եղել է ԱԱԾ-ն։ Եվ մինչև այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»,- ընդգծեց Վանեցյանը։