Մեքսիկան կվաճառի կոռումպացված հարուստների մեքենաները, որպեսզի գումարը կարիքավորներին տրամադրի
Մեքսիկական իշխանությունները պատրաստվում են աճուրդի հանել կոռումպացված մեծահարուստներից առգրավված տասնյակ լյուքս դասի մեքենաներ, որոնց վաճառքից ստացված գումարն ուղղվելու է կարիքավորների օգնությանը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որն ավելի վաղ հակակոռուպցիոն արշավ էր նախաձեռնել, տեղեկացրել է, որ այս կիրակի կայանալիք աճուրդից ստացված ամբողջ հասույթը բաշխվելու է սոցիալական ծրագրերի, կարիքավոր խմբերի միջև:
«Բոլորին հրավիրում ենք մասնակցել աճուրդին: Հանցագործներից առգրավված ամեն բան հետ է վերադարձվելու երկրի կարիքավոր համայնքներին»,-ասել է նա:
Նորաստեղծ Գողացված բարիքները ժողովրդին վերադարձնելու ինստիտուտի տնօրեն Ռիկարդո Ռոդրիգես Վարգասը մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ վաճառքի է հանվելու 82 մեքենա՝ մոտ 1,5 մլն դոլար ընդհանուր արժեքով:
Հավաքածուում կան Lamborghini Murciélago, Ford Shelby, Corvette, Hummer և այլ մեքենաներ:
Ավելի ուշ կկայանա ևս երկու աճուրդ, որոնց ընթացքում վաճառքի կհանվեն առգրավված տներն ու թանկարժեք զարդերը: