Անցումային արդարադատությունը բոլոր խնդիրների լուծման միակ դեղատոմսը չէ
«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանից հետաքրքրվեցին, թե արդյոք այդ գործընթացով անցնելո՞ւ են մինչև 98-ի էլիտան, բացի դատականից, նաև ներքին ուժային կառույցները, արդյոք քրեական և քաղաքացիական գործերի վերաբացում լինելո՞ւ է, թե՞ ոչ։
Աննա Վարդապետյանը նշեց, որ անցումային արդարադատության գործիքակազմ կիրառող յուրաքանչյուր պետության առաջնային հարցերից մեկն է՝ որոշել թե ինչ ժամանակահատված է այդ պետությունը ընդգրկելու անցումային փուլի մեջ։
«Քաղաքական գործընթացի արդյունքում է որոշվելու: Իհարկե, եթե խոսում ենք իրավական մեխանիզմների մասին՝ վաղեմության ժամկետների մասին, դրանք հաղթահարվել չեն կարող քաղաքական գործիքակազմով: Իսկ ժամանակահատվածը, որի ընթացքում դիտվելու է անցումային արդարադատությունը, որոշվում է յուրաքանչյուր պետության կողմից ավտոնոմ, և միջազգային որևէ կառույց որևէ միջամտություն չի կայացնում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է գործերի վերաբացումներին, ապա փոխնախարարն ասաց, որ դրանք հստակ դատաիրավական ընթացակարգերով են իրականացնում։ «Անցումային արդարադատությունը «էքստրա» գործիքներ չունի, և անցումային արդարադատությունը բոլոր խնդիրների լուծման միակ դեղատոմսը չէ և չի կարելի այդ ինստիտուտին ինչ-որ էքստրա ոչ իրավական մեխանիզմներով ծանրաբեռնել, ինքը դրանք չունի, դա իրավական գործիքների հստակ շրջանակ է»,-ասաց նա։
Ըստ նրա՝ հանրային պաշտոնների շրջանակը ևս որոշվում է վեթինգ իրականացնող կառավարության, քաղաքական իշխանության կողմից։ «Բայց ինստիտուցիան ինքնին վեթինգի ենթարկվել չի կարող, այլ հանրային պաշտոն իրականացնող անձն է վեթինգի իրականացվում»,-ասաց նա։