Էրեբունի վարչականի ղեկավարը խոսեց Մուշավանը ջրի մեջ մնալու մասին
Էրեբունի վարչականի ղեկավար Արման Աբրահամյանն անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում առվի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով մի քանի տների՝ ջրում հայտնվելու խնդրին: Աբրահամյանի մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մայիսի 23-ին, ժամը 06։30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է՝ պատճառը կոյուղագծի և անձրևատար համակարգի բացակայությունն է:
Վարչական շրջանը իր լիազորության շրջանակում, համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, փորձում է ներդնել հնարավոր բոլոր միջոցները խնդիրը լուծելու համար: Անձամբ պարբերաբար հանդիպել եմ բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը: Խնդրի մասնակի լուծման համար հայտարարել ենք մրցույթ, որտեղ շահող է ճանաչվել «Էլիտ Էսվե» ընկերությունը: Այն Մուշավան թաղամասում այսուհետ կիրականացնի թաղամասով անցնող առվից տիղմի մաքրման աշխատանքներ, որի համար նախատեսված է տրամադրել շուրջ 920000 հազար դրամ գումար: Աշխատանքները կիրականցվեն համապատասխան մեքենաներով»:
Երեւանում, այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է եւ լցվել մի քանի բակեր ու տներ։