Գյուղնախարարությանը 377 մլն դրամ հատկացվեց. գյուղվարկերի սուբսիդավորման եւ տավարաբուծության ծրագրերի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը 2019-ին հատկացնել 377,26 մլն դրամ:
Գումարը հատկացվում է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» և «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրերի իրականացման նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից վերամշակվել և կառավարության հաստատմանն են ներկայացվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման», «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագրերը:
Սույն ծրագրերով ներկայացված ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշները չեն համապատասխանում 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշներին: