Տղային հանել ենք արհեստական շնչառությունից, գիտակցությունը տեղն է. Աննա Չոբանյան
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի աշակերտին դեմքի շրջանում բռունցքով հարվածել է նրա համադասարանցին։ Այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, News.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի բաժնից։ Նրանց խոսքով 15 տարեկան տղան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել է Երևան, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման ամբիոնի վարիչ Աննա Չոբանյանի խոսքով տղայի վիճակը համեմատաբար լավ է։
«Տղան ընդունվել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Առաջին օգնությունը ցուցաբերվել է և արհեստական շնչառությունով, ուղղաթիռով տեղափոխել են մեր բժշկական կենտրոն։ Մեզ մոտ ախտորոշվել է գանգուղեղային թեթեւ աստիճանի սալջարդ և ակնակապիճի ստորին պատի կոտրվածք։ Հիմա արդեն տղային հանել ենք արհեստական շնչառությունից, նա գիտակից է»,– ասաց Չոբանյանը։
Դեպքի առթիվ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ միջադեպի մասնակիցների շրջանակը պարզվել է այդ թվում հարվածողի և նյութեր են պատրաստվում։
Հիշեցնենք, որ երեկ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում դպրոցականների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետևանքով երեխաներից մեկը ծանր մարմնական վնասվածք էր ստացել և տեղափոխվել Երևան։