Քոչարյանը ուզուրպատոր է․ Անիծվի այն պետությունը, որ հերոսների և այդպիսի պետական գործիչների հույսին է մնում (տեսանյութ)
«Արդյոք քաղաքականությունը չի՞ մահացել, և այս մասին միայն ես չէ, որ զգուշացնում եմ. շատ լուրջ վերլուծաբաններ արդեն խոսում են քաղաքականության մահվան մասին, որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք, շատ նման է շոուի, և դրանով արդեն զբաղվում են պրոֆեսիոնալ շոումենները: Մենք խոսում ենք քաղաքականության մասին, բայց կներեք՝ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց լրագրող, վավերագրող Վարդ Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին երբեք չի ճանաչել որպես նախագահ:
Մեր զրուցակցի խոսքով՝ այդ մարդը ուզուրպացրել է իշխանությունը և Հայաստանի Հանրապետությունը զրկել պետականությունից. «Հոկտեմբերի 27-ից հետո մենք պետականություն չենք ունեցել: Եվ դրան հաջորդած 20 տարիները բացարձակ կապ չունեն պետականության հետ: Հիմա մենք ջանում ենք այդ ավերակներից հավաքել Հայաստանի Հանրապետություն»:
Նա նշեց, որ մեծագույն սխալ է Քոչարյանին պետական գործիչ և հերոս անվանելը. «Անիծվի այն պետությունը, որ հերոսների և այդպիսի պետական գործիչների հույսին է մնում: Նա ուզուրպատոր է»:
Անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերություններին՝ Վարդ Սիմոնյանն ասաց. «Հանցագործ տարրին պետք է իզոլացնել, անկախ այն բանից՝ նա Քելբաջարո՞ւմ է ապրում, թե՞ Երրորդ մասում: Դա ի՞նչ կապ ունի, որ հասարակությունն այսօր տանում է Հայաստան-Արցախ սրում: Ի՞նչ է, Արցախի ժողովուրդը երջանի՞կ է, որ գործ ունի հանցագործ տարրերի հետ. իհարկե, ոչ»:
Մեր զրուցակիցը շատ ծիծաղաշարժ և բավականին զգուշավոր ու գծված է համարում Ռոբերտ Քոչարյանի քրեական փաթեթը, քանի որ այն զուրկ է ամենագլխավոր տարրերից. «Հայաստանի Հանրապետության համար ստրատեգիական նշանակություն ունեցող բոլոր օբյեկտները, ամբողջ ռեսուրսները դրվել են մեկ այլ պետության ոտքերի տակ: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ պետական դավաճանություն»: Նա հավելեց. «Մինչդեռ եթե դա լրամշակված լիներ ամբողջական մեղադրանքի փաթեթով, ապա հնարավոր չէր լինի այսօր գործ ունենալ այսպիսի հետևանքների հետ: Նախաքննական ամբողջ պրոցեսը գնահատում եմ որպես փնթի աշխատանք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: