Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. զինված սահմանապահները 5–րդ օրն է առևտրականներին անգարում են պահում
Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ News.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5–րդ օրն է՝ իրենց փակել են անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։
Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ պատմեց, որ մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններ, որոնք սպասարկում են առևտրականներին, հասնելով Բագրատաշենի մաքսակետ խնդրի առաջ են կանգնել։
«Թուրքիայից բեռը բերել ենք երեք տարբեր տուռերով, չգիտես ինչպես ստացվեց բեռները խառնվեցին իրար, սակայն մաքսազերծումները ճիշտ անուններով են կատարվել, փաստաթղթերը կան, հիմա չենք կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է»,–պատմեց Մանուկյանը՝ նշելով, որ մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։
«Արդեն 5–րդ օրն է ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված հսկում են մեզ, մենք էլ անգարում մնացել ենք մեր բեռի կողքը թույլ չենք տալիս տանեն»,–պատմեց մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ նշեց, որ բանը հասել է նրան, որ առևտրական կանանցից մեկը սպառնացել է հենց անգարում ինքնասպան լինել։