Վեթինգի արդյունքում մնացած դատավորները պետք է կասկած չներշնչեն հասարակության մոտ. Նիկոլայ Բաղդասարյան (տեսանյութ)
«Գնահատողը ես չեմ, կողմերը պետք է գնահատեն, թե որքանով էր դատարանի որոշումն օրինական՝ կասեցնել Քոչարյանի և մյուսների գործն ու ուղարկել Սահմանադրական դատարան»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Նրա խոսքով, եթե կողմերը գտնում են, որ որոշումը չի բխում օրենքի պահանջից, իրենք վերաքննիչ բողոք բերելու հնարավորություն ունեն. «Քրեական դատավարական օրենսգրքի, եթե չեմ սխալվում 31 հոդվածի 3-րդ թե 4-րդ մասն է կարգավորում այդ հարցը»։
Ինչ վերաբերում է դատական իշխանության բարեփոխումների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ նշվեց վեթինգի, անցումային արդարադատության մասին, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Վեթինգն ունենում է տարբեր դրսևորումներ, այն լինում է գույքային, բովանդակային։ Վեթինգը կատարվում է կոնկրետ գործերով, փաստերով։ Վեթինգը կատարվում է անցումային արդարադատության շրջանակում կամ առանց անցումային արդարադատության։ Վեթինգ նշանակում է զտում, և այդ զտման արդյունքում մնացած դատավորները պետք է կասկած չներշնչեն հասարակության մոտ։ Ժողովուրդը պետք է վստահի այդ իշխանությանը, այսինքն դա դատական իշխանության վստահության հասնելու գործիքակազմն է»։
Բաղդասարյանն ընդգծեց, որ մայիսի 24-ին լսումներ կլինեն Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ, նաև վեթինգի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել այս վիճակը։