Եվրոպական պաշտոնյաները սկսում են կոշտ գնահատականներ տալ
Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշում։ Այս մասին նշել են Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) եւ Անդրեյ Շիրցելը՝ արձագանքելով մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր դատարնների մուտքներն ու ելքերն արգելափակելու կոչին։
«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, իսկ օրենքի գերակայությունը լավագույնս դրսեւորվում է քաղաքական դերակատարների ցանկացած միջամտության բացակայության դեպքում։ Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպես բարձր իրավասության դատարաններ դիմելն է՝ վիճարկելու համար դատարանի այն որոշումը, որը կասկածելի է թվում։ Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք կոչված են պաշտպանել քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ով է նա»,–նշել են նրանք։
Համազեկուցողները, սակայն, ընդգծում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման որոշմանը հաջորդած հանրային արձագանքը ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռեւս ցածր մակարդակը. «Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ դատարանի այդ որոշման հաջորդած հանրային արձագանքը ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռեւս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, եւ մենք ողջունում ենք դատական համակարգում համընդգրկուն բարեփոխումներ իրականացնելու վարչապետ Փաշինյանի ցանկությունը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաեւ նրա ցանկությունը՝ համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում»: