Որոշվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանն այսօր՝ մայիսի 18-ին որոշեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել կալանքը։
Արմեն Թավադյանի փաստաբանը նշեց, որ դատարանը որոշեց իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժել: «Այսինքն Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ: Կալանավորման վերաբերյալ միջնորդությունն անհիմն էր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով կապտուկ է առաջացել։ Տեսանյութում երեւում է, որ հարվածողը Թավադյանն է։