Ոնց որ տղերքը փողի հանդեպ այդքան էլ անտարբեր չեն
«Փաստ»-ը գրում է.
««Սովետի ժամանակ» այնպիսի առերևույթ տպավորություն կար, թե պաշտոնյաների «ոտքերն ամպերի մեջ» են, նրանք նույնիսկ հաց չեն ուտում: Սա, իհարկե, իմիտացիա, պատրանք էր, որովհետև հենց մի փոքր մոտենում էիր այդ պաշտոնյաների կենցաղին, կոռուպցիայի գարշահոտությունը փակում էր շնչառությունդ: Իրականում՝ «իդեալական», գոյություն չունեցող պատկեր ձևավորել էր բոլշևիկյան պրոպագանդան՝ մոտ յոթանասուն տարի պահելով հեղափոխության «կրակը»:
Պատմությունը կրկնվելու հակում ունի, ընդ որում՝ դասեր չքաղած հասարակությունների համար՝ ավելի դաժան վերջաբանով: Մեր վարչապետն ասում է՝ իշխանությունն ինքը չէ, ժողովուրդն է, բայց, չգիտես ինչու, անցած մեկ տարում իշխանության կարկանդակից օգտվել է ժողովրդի միայն մի չնչին հատվածը՝ «քայլողները»:
Անընդհատ լսում ենք քարոզչություն հեղափոխության «մաքրամաքուր, բյուրեղյա» կադրերի մասին, բայց ոնց որ տղերքը փողի հանդեպ այդքան էլ անտարբեր չեն:
Համենայն դեպս, կոռուպցիոն աղմկոտ բացահայտումներն ու այն հանգամանքը, որ այդ գործերով անցնում են փոխնախարար ու գլխավոր վերահսկող, խոսուն փաստեր են: Մյուսները դեռ «մաքուր» են, սակայն զարմանալիորեն փոխվել է նրանց կենցաղը, ասենք՝ ավտոպարկում հայտնվել է 150000 դոլարանոց մեքենա, կամ հանկարծ «լույս աշխարհ» են եկել հարուստ քեռիներ ու ընկերներ: Դեժավյուի դառը զգացողություն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: