Թուրքմենստանի նախագահը գիրք է գրում ալաբայ ցեղատեսակի շների մասին
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նոր գիրք է գրում այս անգամ ալաբայ ցեղատեսակի շների մասին, հաղորդում է «Թուրքմենստան սեգոդնյա» պետական գործակալությունը:
«Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցելել է Ահալթեքինյան
ձիարշավարանը, որտեղ կատարել է ձիերով զբոսանք: Համալիրի տարածքում
նախագահը նաեւ տեսել է ալաբայ ցեղատեսակի շան ձագերին: Իր գրասենյակում
նախագահը շարունակել է ստեղծագործական գործունեությունը՝ աշխատելով
ալաբայների մասին իր նոր գրքի շուրջ»,-հաղորդում է գործակալությունը:
Նշվում
է, որ գիրքը կպատմի շների այդ ցեղատեսակին հատուկ որակների եւ
ունակությունների մասին: Իր գրքում Բերդիմուհամեդովը հիմնվում է հնագիտական
հետազոտությունների տվյալների վրա: Գրքի միջոցով կարելի է տեղեկանալ
հանրապետության տարածքում շների հին գերեզմանոցների մասին, ինչպես նաեւ
տեռակոտե արձանիկների մասին, որոնք ստեղծվել էին մ.թ.ա. մի քանի
հազարամյակներ առաջ: Հիմնվելով այդ տվյալների վրա՝ նախագահը եզրակացնում է,
որ հնագույն ժամանակներից ալաբայների նախնիներն ունեին յուրահատուկ
նշանակություն եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն տարբերվում էր:
Երկրի նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում ձիաբուծության
պահպանմանն ու ահալթեքինյան ցեղատեսակի ձիերի զարգացմանը, որը համարվում է
Թուրքմենստանի ազգային հարստությունը:
Սակայն նախագահի հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում
ձիերով: Այս անգամ Բերդիմուհամեդովն հետեւել է ալաբայ ձագերի խաղին, որից
հետո նախագահը որոշել է ձագերից յուրաքանչյուրի անունները:
Գործակալությունը նշում է, որ ժողովրդական ավանդությունում ասվում է
ալաբայների արիության եւ հավատարմության մասին, որոնք մշտապես պատրաստ են
վտանգել սեփական կյանքը տերերին փրկելու համար: