Չեմ կարող հավատալ, որ ռուսները չեն օգտագործի այդ լծակները. Փաշինյանը` նոր էսկալացիա թույլ չտալու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է ռադիկալ իսլամիստների համար դառնալ «շատ լավ առիթ, օրինակ` Ադրբեջանում հաստատվելու համար»: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին Փաշինյանն ասել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների՝ Սիրիայում ու Իրանում կրած պարտությունից հետո իսլամիստները «իրենց դրսևորելու նոր վայրեր են փնտրում»: Նա նշեց՝ Ադրբեջանը «շատ հարմար կետ է», որտեղից կարելի է գործել Իրանի, Հարավային Կովկասի ռուսական հատվածի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ: Այս իսկ պատճառով ՀՀ վարչապետը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հաջորդ էսկալացիան արդեն տեղային չի լինի: Ըստ Փաշինյանի՝ այս պատկերի գիտակցումը կա ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:
Ռուսաստանի համար Անդրկովկասյան տարածաշրջանի կարևորությունն ընդգծելով՝ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան հետաքրքրված է ԼՂ հակամարտության լուծման հարցում և կերաշխավորի, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: ՀՀ վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները նոր էսկալացիա թույլ չտալու համար:
«Ու ես չեմ կարող հավատալ, որ, երբ անհրաժեշտ լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է նա: