Բալային համակարգի անցնելու դեպքում առավելագույն տուգանքը կլինի 29.000 դրամ 500.000-ի փոխարեն
Վարորդական նոր բալային համակարգի մասին է այսօր խոսել ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` նշելով, թե ինչ նորամուծություններ է բերելու համակարգը:
Ըստ բանախոսի` այսօր ճանապարհային երթևեկության մակարդակը շատ մտահոգիչ է, միայն 2019-ին արդեն կա 105 զոհ, ինչը Հայաստանի պայմաններում շատ անհանգստացնող է:
Արմեն Խաչատրյանն ասել է, որ վարորդների ստվար զանգվածը շարունակում է խախտումներ կատարել, և վճարելով տուգանքը` շարունակել վարել ու նոր խախտումներ անել` հաճախ դառնալով նաև մարդկային կորուստների պատճառ:
Նոր բալային համակարգը հնարավորություն է տալիս, որ նախ վարորդներն ավելի զգույշ լինեն` լավ իմանալով, որ կարող են զրկվել վարորդական իրավունքից: Դա նաև սոցիալական թեթևացում է. եթե այժմ ամենաբարձր տուգանքը 500.000 դրամ է, ապա բալային համակարգի անցնելու դեպքում առավելագույն տուգանքը կլինի 29.000 դրամ: