«Փաստ». Բրյուսելում ՀՀ-ն ինչ-որ «ֆանտաստիկ դիվանագիտական հաղթանակ» չի տարել.ԵՄ-ն ի սկզբանե է որոշել զերծ մնալ որևէ քաղաքական խնդրի անդրադառնալուց
«Վերջին օրերին հայաստանյան տիրույթում բավականին շատ քննարկվեցին Բրյուսելում տեղի ունեցած՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի տասնամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանսն ու դրա հետ կապված իրադարձությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, քանի որ խոսքը հոբելյանական միջոցառման մասին է, ԵՄ-ն որոշել է զերծ մնալ որևէ քաղաքական խնդրի անդրադառնալուց:
Ի սկզբանե պայմանավորվածությունը հենց դա է եղել: Այսինքն՝ տարածքային ամբողջականություն, չլուծված հակամարտություններ, մարդու իրավունքներ և այլն, որևէ նման խնդրի մասին առանձին անդրադարձ չի եղել:
Եվ եզրափակիչ փաստաթուղթը չի ընդունվել ոչ թե այն պատճառով, որ հայկական կողմն ինչ-որ «ֆանտաստիկ դիվանագիտական հաղթանակներ» է տարել, այլ ԵՄ-ն կատեգորիկ որևէ տարածքային կոնֆլիկտի չի անդրադարձել՝ ոչ Ուկրաինայի, ոչ Վրաստանի, ոչ Մոլդովայի, ոչ էլ արցախյան հիմնահարցին, խոսք չկա նաև Ղրիմի, Դոնբասի հարցերի վերաբերյալ: Որոշումը, որ այդ միջոցառումը պետք է տոնական լինի և տարեդարձի հետ կապված թեմաներ քննարկվեն, այնքան հստակ է եղել, որ Ադրբեջանի մասին խոսելն անգամ ծիծաղելի է. մարդիկ ոչ մի ելույթում, ոչ մի փաստաթղթում անգամ Ռուսաստանին չեն կշտամբել:
Եվրոպական աղբյուրները փաստում են, որ եզրափակիչ փաստաթղթում ոչ միայն Ադրբեջանը, այլև Վրաստանն ու Մոլդովան են փորձել նույն առաջարկություններն անել՝ կապված տարածքային ամբողջականության հետ, բայց դա նույնպես մերժվել է ԵՄ կողմից: Այսինքն՝ երեքով են փորձել ընդհանուր նախաձեռնությամբ հանդես գալ, բայց չեն հաջողել:
Ի դեպ, 2015-ին և 2017- ին Ռիգայում և Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովներում նախորդ իշխանությունների կողմից «անցկացրած» փաստաթղթերը շատ ավելի ուժեղ էին, քան այս անգամվա չընդունվածները: Եվ լեգիտիմությանը վերագրել աշխարհաքաղաքական խնդիրներն ուղղակի լուրջ չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: