Նախարարությունների կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի առաջին նախնական փուլն է. Տիգրան Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում սպասվող կրճատումներին՝ նշելով, որ դա նախնական փուլն է։
«Նախարարությունների կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի, կարելի է ասել, առաջին նախնական փուլն է: Քաղծառայության ռեֆորմն իրենից ենթադրելու է մի քանի փուլ: Առաջին հերթին մենք որդեգրելու են ընդհանուր ստրատեգիա՝ քաղծառայության համակարգի զարգացման, օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման համար»,- ասաց նա և նշեց, թե կդժվարանա պատասխանել, թե քանի փոխնախարար կլինի ամեն մի նախարարությունում:
Տիգրան Ավինյանն ասաց, որ գնահատելու են, թե ինչ գործառույթներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, արդյոք թերբեռնված, թե գերբեռնված են եղել այդ փոխնախարարները ու ըստ այդ կհստակեցվեն նրանց գործառույթները:
«Դեռևս մասսայական կրճատումներ չկան ու առաջին փուլում չեն էլ պլանավորվում: Ես ենթադրում եմ, որ «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում մենք որոշ միջոցառումներ նաև նախաձեռնելու ենք այն քաղծառայողների համար, որոնք դուրս են մնալու քաղծառայության համակարգից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների նախագծերը մերժելուն, փոխվարչապետն ասաց, թե իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ գործընկերները նոր են բացահայտել այդ գործիքակազմի առկայությունը:
«Հիմնականում մերժվում է, որովհետև ընդհանուր մեր ռազմավարության, տրամաբանության մեջ չեն լինում, և որոշակի փոքր հարցեր են փորձում լուծել, որոնք գուցե այլ տեղերում, այլ հարցեր են առաջացնում»,- ասաց նա և նշեց, որ հիմնականում գործընկերների հետ քննարկումների մեջ են, նրանց հրավիրում են կոմիտեի նիստերին:
«Այդպիսի մշակույթ չկա, որ մերժվում է ուղղակի, որովհետև ընդդմիադիր ֆրակցիայի ներկայացուցիչ է ներկայացրել օրինագիծը, ես ձեզ ասեմ, որ բացասական կարծիքներ են լինում նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներ կողմից առաջարկվող նախագծերի վերաբերյալ: Իմ կարծիքով՝ այստեղ հարցը կոմունիկացիոն է, եթե մի փոքր իրար հետ ավելի ինտեսիվ աշխատենք, նման խնդիրներ ավելի քիչ կլինեն»,-ասաց նա: