Դատարանը մերժեց Քոչարյանի գործով նիստը դռնփակ անցկացնելու դատախազների պահանջը
Ռոբերտ Քոչարանի կալանքի հարցով դատական նիստը փակ անցկացնելու միջնորդությունը դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը իր ելույթում մեջբերեց հատվածներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքներից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց, որ ցուցմունքներից հատվածներ մեջբերելու դեպքում նիստը պետք է դռնփակ անցկացվի: Դատարանը ընդմիջում հայտարարեց՝ միջնորդությունը քննելու համար:
«Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել: Չնայած, ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա: Եվ հրապարակվող նյութերի մեջ նույնպես պետական գաղտնիք չկա»,- լրագորղներին ասաց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը: Ըստ Օրբելյանի՝ իրենք գտնում են, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա, քանի որ նախաքննությունն ավարտվել է, և ցուցմունքները հրապարակելու որևէ խնդիր չկա:
Դատարանը որոշեց մերժել դատախազության միջնորդությունը, Հայկ Ալումյանը շարունակեց ներկայացնել Արշակ Կարապետյանի ցուցմունքը: Պետրոս Պետրոսյանը դարձյալ առարկեց, որ եթե մեջբերումներ են կատարվում, պետք է նիստը դռնփակ լինի: Հակառակ դեպքում, պետք է մեջբերումները սահամափակել: Նիստը նախագահող դատավորը Քոչարյանի պաշտպաններին հորդորեց ցուցմունքներն ամբողջական չհրապարակել՝ նշելով, որ դատարանը դրանց ծանոթ է: