«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հաջորդ մասը կնկարահանեն «Գահերի խաղը» սերիալի ստեղծողները
«Աստղային պատերազմներ» եռերգության նոր ֆիլմը կնկարահանեն «Գահերի խաղը» սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դեն Ուայսը:
Ինչպես հաղորդում է The Verge պարբերականը, Disney-ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերի խոսքով՝ ընկերությունը Բենիոֆի և Ուայսի հետ արդեն համաձայնագիր է կնքել ֆիլմի նկարահանումների մասին, որը էկրան կբարձրանա 2022 թվականին:
Ավելի վաղ «Աստղային պատերազմների» պաշտոնական կայքում հայտարարություն էր հրապարկվել, որի համաձայն՝ Բենիոֆն ու Ուայսը կդառնան ֆիլմերի շարքի սցենարիստն ու պրոդյուսերը, որոնց գործողությունները տեղի են ունենալու «Աստղային պատերազմների» տիեզերքում:
Disney-ը ֆիլմաշարի նկարահանման իրավունքը ձեռք է բերել 2012-ի հոկտեմբերին՝ Lucasfilm կինոստուդիան ձեռք բերելու հետ մեկտեղ:
Հիշեցնենք, որ հանրահայտ ֆիլմի իններորդ մասը՝ «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը», էկրան կբարձրանա 2019-ի դեկտեմբերին: Գլխավոր դերերը ֆիլմում մարմնավորում են Դեյզի Ռիդլին, Ադամ Դրայվերը, Ջոն Բոյեգան, Օսկար Այզեքը: