ՀՀ տնտեսության ¾-ը ստվերում է գտնվում
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստում կան ուղղակի դրական երևույթներ, որոնց մի մասը կարող է իներցիոն զարգացումների, մասնավոր հատվածի հետևողական քայլերի արդյունք լինել:
«100 կետերն այն գրանցված արդյունքներն են, որոնց մի մասն իրավացիորեն կարող են ասել, որ կառավարության ջանքերի շնորհիվ է, բայց քիչ չեն նաև փաստեր, որոնք մտորելու տեղիք են տալիս: Այսինքն՝ միանգամից չես համաձայնի: Կարծում եմ՝ վարչապետն ինքն էլ գիտակցում է, որ կան ուղղակի դրական երևույթներ, որոնց մի մասը կարող է իներցիոն զարգացումների արդյունք լինել, մյուս մասը կարող է լինել մասնավոր հատվածի հետևողական քայլերի արդյունք»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, եթե առանձին ներկայացվեին այն արդյունքները, որոնք արձանագրվել են նոր կառավարության տնտեսական քաղաքականության արդյունքում:
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերից մեկով ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն 62 մլրդ դրամով, ինչը Թաթուլ Մանասերյանը երկու հանգամանքով է պայմանավորում՝ մի մասը ստվերից դուրս բերված հարկերն են, մյուսը՝ նոր արժեք ստեղծելը:
«Իմ խորին համոզմամբ ՀՀ տնտեսության ¾-ը ստվերում է գտնվում, հիմա միգուցե կրճատվել է և քիչ զանգված կա ստվերում: Շինարարության ոլորտում 90 տոկոս և ավելի ստվեր ունենք: Ես ողջունում եմ բոլոր այն բացահայտումները, որոնք արվում են՝ տնտեսական հանցագործություններ, շորթումներ, որի արդյունքում պետբյուջե վերադարձվում են գումարներ, բայց բացահայտումները մի խնդիր են, շատ ավելի լուրջ խնդիր է նոր արժեք ստեղծելը»,- նշեց նա: