Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր
ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռումբի մասին ահազանգի պատճառով Կառավարության 3-րդ մասնաշենքում աշխատակիցների տարհանում է իրականացվել, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ստուգումներ է իրականացրել՝ ճշտելու, արդյոք ահազանգը կե՞ղծ է, թե՞ իրական։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:18-ին,«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: