3 տարի առաջ Արցախում զոհված զինծառայողի ծնողներն իրենց որդու մահվան փաստով նոր քննություն են պահանջում
2016 թվականի փետրվարին Արցախի Հադրութի դիրքերում մարտական հերթապահության ժամանակ զոհված շարքային զինծառայող Սիմոն Ճավռշյանի ծնողները և «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել և հայտնել, որ զինվորի մահվան փաստով պահանջում են գործի նոր քննություն։
Հարուցված քրեական գործում նշվում է, որ Սիմոն Ճավռշյանը զոհվել է թշնամու դիպուկահարի կրակոցից:
Պաշտպանության նախարարության և զինվորական դատախազության պաշտոնական պատասխանը ծնողները չեն ընդունում և հայտարարում, որ լուրջ հիմքեր ունեն կասկածելու, որ Սիմոն Ճավռշյանին բանակում սպանել են։
Ծնողների խոսքերով` իրենց ձեռքի տակ կա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի, իրենց որդին գլխի շրջանում մահացու վնասվածք է ստացել 8,6 մմ տրամաչափի հրազենով, սակայն անկախ փորձագետի տված եզրակացության համաձայն` զինվորի վրա կրակել են բոլորովին այլ զինատեսակից:
Սիմոն Ճավռշյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքից, եղել են նաև բութ գործիքներով հասցված վնասվածքներ, որոնք դատաքննությամբ պարզվել է` գործադրված բռնության հետևանք չեն։
Հիմա Սիմոն Ճավռշյանի հարազատները նոր քննություն են պահանջում, ինչը 1 ամիս առաջ զինվորական կենտրոնական դատախազությունը մերժել է հետևյալ բացատրությամբ՝ քրեական գործով որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, իսկ ընդհանուր առմամբ, ըստ մահացած զինվորի ծնողների, իրենց բոլոր նամակներին պաշտպանության նախարարությունից և դատաիրավական կառույցներից միշտ նույնաբովանդակ պատասխաններ են ստացվում։
Երկրի վարչապետին հասցեագրված նամակն էլ է մերժվել նույն պատճառաբանությամբ։