Արսեն Թորոսյանն ամփոփեց պաշտոնավարման 1 տարին
«Չկա առողջություն առանց հոգեկան առողջության», – մայիսի 13-ին, ամփոփելով աշխատանքային պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը կարևորեց հոգեկան առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները` նշելով, որ հայեցակարգային առումով գնում են դեպի համայնքային հոգեկան առողջության և ոչ թե աշխատում են միայն կոնկրետ հաստատությունների զարգացման ուղղությամբ: Արդյունքում հիվանդներն իրենց բուժումը և հսկողությունը կստանան հոգեկան առողջության համայնքային կենտրոններում: Նախարարի խոսքերով` գուցե կառուցվեն փոքր հաստատություններ:
«Գնում ենք էլի առաջնային օղակ, ոչ թե այդ պացիենտներին մեկուսացնելու սկզբունքով: Անձնակազմի հետ աշխատում ենք, որ բռնության դեպքեր չլինեն: Եթե լինում են, չենք թաքցնում: Եթե կան չարամտորեն բռնություն գործադրողներ, բարձրաձայնում ենք, որ նրանք պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ ընդհանրապես հոգեբուժության մեջ հիվանդի նկատմամբ ուժ գործադրելը երբեմն անհրաժեշտ է լինում հենց հիվանդի առողջությունը պահպանելու համար: Պետք է տարբերենք բռնությունը՝ ուժ գործադրելով հանգստացնելուց», – ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը նաև ընդգծեց, որ Մարդու իրավունքների պատշպանի հետ համագործակցում են, հոգեկան առողջության հաստատությունների դռները միշտ բաց են նրանց համար, և այցելություններ միշտ լինում են: