Գերմանիան կոչ է անում թույլ չտալ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ զինված բախումները
ԱՄՆ-ի ու Իրանի
միջեւ կոնֆլիկտի սրումը միջազգային մակարդակում առաջացրել է
մտահոգություններ Մերձավոր Արեւելքում իրավիճակի հնարավոր էսկալացիայի հետ
կապված: Այսպես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը մայիսի
12-ին Bild am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է,
որ Գերմանիան իր եվրոպական գործընկերների հետ միասին պետք է ձեռնարկի
միջոցներ զինված բախումները կանխելու համար, հաղորդում է DW-ը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, պատերազմի մասին խոսելիս,
մատնանշել է Վաշինգտոնի պատասխանատվությունը, որը մայիսի 10-ին հաստատել էր
դեպի այդ տարածաշրջան «Առլինգտոն» դեսանտային ուղղաթիռի եւ Patriot
հրթիռային համալիրի ուղարկման որոշումը: Դրանից մի քանի օր առաջ Միացյալ
Նահանգներն ուղարկել էին դեպի Մերձավոր Արեւելք ավիակիր «Աբրահամ Լինքոլնի»
գլխավորությամբ ավիակիր հարվածային խումբն ու ռմբակոծիչների տակտիկական
խումբը:
Մերձարեւելյան
տարածաշրջանում ընդլայնելով ռազմական ներկայությունը՝ ամերիկյան
վարչակազմն, իր պնդմամբ, արձագանքում է «Իրանի բարձր պատրաստվածությանը
ԱՄՆ-ի զինված ուժերի վրա հարձակվելու համար»: Ընդ որում՝ մանրամասն ոչինչ
չի ներկայացվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ իր երկիրը չի ցանկանում
հակամարտություն Իրանի հետ, սակայն պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր
զորքերն ու սեփական շահերը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր հերթին հայտարարել է, որ երկիրը հայտնվել է աննախադեպ տնտեսա-քաղաքական ճնշման ներքո: