Ցուկերբերգը հայտարարություն է արել ընդդեմ Facebook-ի մասնատման
Մարկ Ցուկերբերգը,
որը հիմնադրել է Facebook ընկերությունը, որի կազմում բացի նույնանուն
սոցցանցից նաեւ Instagram-ն է, մեսինջերը, WhatsApp-ն ու այլ սերվերներ,
դեմ է արտահայտվել դրա մասնատմանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով France Info պարբերականին տված Facebook-ի հիմնադրի հարցազրույցին:
Ավելի վաղ New York Times-ը հրապարակել էր սոցիալական ցանցի
համահիմնադիր Քրիս Հյուզի հոդվածը, որում նա կոչ էր արել մասնատել Facebook
ընկերությունը դրա սեփականատիրոջ զգալի ազդեցության պատճառով, որն
արտահայտվում է, մասնավորապես, ընտրողների տրամադրության վրա:
«Երբ
ես կարդացի նրա գրածը, նախ մտածեցի, որ այդ առաջարկը չի կարող լուծել այդ
խնդիրները: Կարծում եմ, եթե դուք մտահոգված եք ժողովրդավարության եւ
ընտրությունների հարցերով, ապա կցանկանայիք, որ լիներ այնպիսի
ընկերություն, ինչպիսին մեր ընկերությունն է, որը ներդնում է տարեկան
միլիարդավոր դոլարներ ընտրություններին միջամտելու դեմ նորագույն միջոցներ
ստեղծելու համար»,-հայտարարել է Ցուկերբերգը:
«Կան իրական խնդիրներ, որոնք վերաբերում են վնասակար կոնտենտին, ինչպես
նաեւ նրան, թե ինչպես գտնել բալանս ինքնարտահայտման եւ անվտանգության,
ընտրություններին միջամտությունը կանխելու, անձնական տվյալների
պաշտպանության միջեւ»,-հավելել է նա:
Facebook-ը բազմիցս քննադատվել է օգտատերերի տվյալներն անհուսալի կերպով
օգտագործելու համար: 2018 թվականին հայտնի էր դարձել, որ Cambridge
Analytica-ն ֆեյսբուքում իր հավելվածի միջոցով հավաքագրում էր օգտատերերի
տվյալները: Ենթադրվում է, որ այդ տվյալները կարող էին օգտագործվել ԱՄՆ-ում
2016 թվականի նախընտրական արշավի եւ ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի
անցկացրած հանրաքվեի ընթացքում:
Վերջին տարիների դժվարությունների հետեւանքով նկատվել է Facebook-ի
բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկում: Այդ պատճառով տնօրենների խորհուրդն
առաջարկել էր սահմանափակել հիմնադիր եւ խորհրդի ղեկավար Մարկ Ցուկերբերգի
ձայնի իրավունքը: Ներկայումս նա փաստորեն կարող է միանձնյա որոշումներ
կայացնել: