Ոստիկանությունն արգելել է տրամադրել Սերգեյ Դորենկոյի մարմինը նրա այրուն
Լրագրող Սերգեյ
Դորենկոյի հուղարկավորությունը, որը պետք է տեղի ունենար կիրակի՝ մայիսի
12-ին, Տրոեկուրովյան գերեզմանատանը, հետաձգվել է, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին, որը ղեկավարում էր լրագրողը:
Ոստիկանությունն արգելել է տրամադրել Դորենկոյի մարմինը նրա այրուն: Այդ
մասին փաստաթուղթն ուղարկվել է դիահերձարան այսօր գիշերը: Հայտարարության
մեջ ասվում է, որ մարմինը կթաղվի կամ կդիակիզվի կրկնակի դատաբժշկական
փորձաքննություն անցկացնելուց հետո:
«Որոշումն ընդունվել է Սերգեյ Դորենկոյի առաջին ամուսնությունից դուստրերի
հայտարարության հիման վրա: Նրանք պնդում են, որ լրագրողին թունավորել
էին»,-ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
Մոսկվայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ղեկավար Սերգեյ Շիգեեւը
պարզաբանել է, որ դիահերձումը տեղի է ունեցել մահվան օրը եւ ցույց տվել, որ
մահը վրա է հասել բնական պատճառների հետեւանքով: Կրկնակի դիահերձում չի
անցկացվի: Շիգեեւի խոսքով՝ լրագրողի դուստրերը ցանկանում են սպասել
դատաքիմիական փորձաքննության արդյունքներին, որը տեւում է երեք շաբաթ: Այժմ
այն կանցկացվի հնարավորինս սեղմ ժամկետներում:
Մայիսի 11-ին հայտնի էր դարձել, որ կիրակի տեղի կունենա Դորենկոյի
հուղարկավորությունը, սակայն այն կհետաձգվի. այդ տեղեկատվությունը
հաստատում է նաեւ ռադիոկայանը:
59-ամյա Դորենկոն, որը ղեկավարում էր «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը 2014
թվականից, զոհվել է մայիսի 9-ին: Նա չէր կարողացել կառավարել իր
մոտոցիկլետը Մոսկվայի կենտրոնում: Մահվան պատճառը զարկերակի պատռումն էր: