Շրի Լանկայում անցկացվել են առաջին պատարագները Զատկի օրը պայթյուններից հետո
Շուրջ 250 մարդու կյանք խլած աղմկահարույց պայթյուններից հետո առաջին կիրակնօրյա պատարագներն անցկացվել են այսօր Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով News1st հեռուստաալիքին:
Ողբերգությունից հետո առաջինը բացվել է Նեգոմբո քաղաքում Սուրբ
Սեբաստյանի եկեղեցին, որի պատարագին մայիսի 9-ին գտնվել է շուրջ 100 մարդ:
Կիրակի պատարագներն անցկացվել են երկրի բոլոր շրջաններում անվտանգության
ծառայության աշխատակիցների ներկայությամբ:
Նոր կանոնների համաձայն՝ եկեղեցու այցելուներին չի թույլատրվում պայուսակով
մուտք գործել եկեղեցի, նրանք նաեւ պարտավոր են մուտքի մոտ ներկայացնել անձը
հաստատող փաստաթուղթ: Ակնկալվում է, որ առաջիկայում եկեղեցիներին կից
կձեւավորվեն հատուկ հանձնաժողովներ, որոնց անդամները կհետեւեն
անվտանգությանն ու կհայտնաբերեն կասկածելի անձանց:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր մասերում որոտացել է ութ պայթյուն,
որոնց հետեւանքով զոհվել է 250-260 մարդ՝ առողջապահության նախարարության
տվյալների համաձայն: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ
ահաբեկչական խմբավորումը: Համաձայն Շրի Լանկայի իշխանությունների վերջին
տեղեկատվության՝ զոհերի շրջանում կա 42 օտարերկրացի:
Շրի Լանկայի կառավարության տեղեկություններով՝ պետության տարածքում
գործում է ԻՊ-ի 130-140 անդամ: Ավելի վաղ հանրապետության գործող
ոստիկանապետ Չանդան Վիկրամարանտեի հաղորդմամբ՝ այսօրվա դրությամբ Զատկի
պայթյունների բոլոր ենթադրյալ կազմակերպիչներն ու կատարողները ձերբակաված
կամ ոչնչացված են: