Opel-ում առաջացած կրակը մինչ հրշեջների գալը մարել են «Santas» ավտոպահեստամասերի խանութի աշխատակիցները
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում ավտոմեքենա է այրվում և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով, Opel մակնիշի 76 QQ 707 համարանիշի ավտոմեքենայի սրահում առաջացած հրդեհը մարել են Վաղարշյան փողոցում գործող «Santas» ավտոպահեստամասերի խանութի աշխատակիցները, իսկ վարորդին էլ տեղում օգնություն են ցուցաբերել «Նյու Յու» գեղեկության սրահի աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: