Վարչապետի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն եւ Բրյուսել այցերի օրակարգը հայտնի է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով այցի օրակարգը:
Նշվում է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրվի ճաշ, որից հետո վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավորների հետ:
Այնուհետև վարչապետը կմեկնի Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս 2 այցերից հետո նախատեսվում է վարչապետի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկին: